Կատաղությունը (հիդրոֆոբիա) — վիրուսային վարակիչ (զոոնոզ) հիվանդություն է: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով:

Կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:

Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց (ռեզերվուար) համարվում են գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները իսկ կենցաղում` ընտանի (շներ, կատուներ) և գյուղատնտեսական կենդանիները (խոշոր եղջերավոր կենդանիներ):

Մարդու համար վարակի աղբյուր համարվում են հիվանդության գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները:

Գաղտնի շրջանը տատանվում է մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի:

Վարակի փոխանցման մեխանիզմը` մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու, ճանկռելու և այլնի արդյունքում, ինչպես նաև թքոտում մաշկի և արտաքին լորձաթաղանթների ամբողջության պահպանման դեպքում):